ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 21-րդ ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 21-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
09 August 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 21-րդ
Published - 1 August 2025

Ո՞ՐՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

Երկյուղածությամբ ու պատշած հարգանքով: Սուրբ գրականությանը մոտենալու համար նախ և առաջ պետք է գիտակցենք, որ նրա պարունակած պատգամը սովորական մի խոսք չէ, այն իր մեջ կյանք պարգևող ուժ ունի. «Այն խոսքը, որ Ես ձեզ ասացի հոգի է ու կյանք» (Հովհ. 6:64): Ահա այս աստվածային ճշմարտությունը խորապես գիտակցելով է, որ մեր նախահայրերը մեծագույն հարգանք ու երկյուղածություն են ցուցաբերել Սուրբ գրականության հանդեպ: Խոսքերիս վառ ապացույցը մեր բազմաթիվ ձեռագրերն են, որոնք դարեր և անգամ հազարամյակներ շարունակ պահվել են բացառիկ խնամքով և երկյուղածությամբ:

Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներն ցեղասպանու-թյան նման արհավիրքի ժամանակ անգամ չմոռացան Սուրբ Գրքերը և իրենց հետ մեկտեղ փրկեցին նաև դրանք: Հայոց պատմությունը նմանատիպ բազմաթիվ դեպքեր է արձանագրել, որոնցից հիշատակության արժանի է մեր ամենից մեծ ձեռագրի՝ Մշո Ճառընտիրի փրկության դեպքը: Ձեռագիրը պահպանելու համար երկու կանայք այն մասնատել են երկու մասի և գերմարդկային ջանքերի շնորհիվ հարյուրավոր կիլոմետրեր կրելով, փոխանցել են մեզ: Գիրքը կշռում է շուրջ 28 կգ. և այժմ պահվում է Երևանի Մատենադարանում:

Մեր ազգի համար գրքերը մշտապես եղել են վստահելի միջոցներ, որոնք երկյուղածությամբ մերձեցողներին վերափոխել են, մաքրել նրանց մտքերն ամեն չար խորհուրդներից (Սբ. Գրիգոր Տաթևացի, Ձմերան հատոր): Իսկ այն անձինք, ովքեր արհամարհել են Սրբազան գրվածքները և չեն հետևել նրանց, համարվել են «Աստծո դեմ ապստամբողներ» (Սուրբ Ներսես Շնորհալի, Թուղթ Ընդհանրական):

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՐԴՅՈ՞Ք ՍՈՒՐԲ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՈԳԵՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Միանշանակ այո: Մեր օրերում թերևս քչերն են Սբ. Գրքերն ընթերցելուց առաջ պատրաստվում: Ցավոք մեզանից շատերի համար Սուրբ Գրքերի ընթերցանությունը հասարակ մի «սովորություն» է դարձել:

Իրականում Աստծո կենդանի Խոսքը կարդալու և լսելու համար լուրջ հոգևոր նախապատրաստություն է անհրաժեշտ, որի օրինակը կարող ենք տեսնել Մովսես մարգարեի մոտ:

Այսպես, Աստծո խոսքը լսելու համար Մովսեսը նախապես պատրաստվեց, և երբ նշանակված օրն Աստված Սինա լեռան վրայից սկսեց խոսել հրեա ժողովրդի հետ, նա միակն էր, որ ի վիճակի եղավ հասկանալ Աստծո խոսքը: Մյուսները, չնայած, որ լսում էին նույն ձայնը, չէին հասկանում, ավելին՝ նրանց համար այն զարհուրելի էր թվում (Ելից 19-20 գլ.): Նմանօրինակ դեպքեր ենք հանդիպում նաև Նոր Կտակարանում, երբ Հայր Աստված վկայում էր Որդու մասին, իսկ մարդկանց Նրա խոսքը անհասկանալի որոտում, կամ հրեշտակի ձայն էր թվում (Հովհ. 12:28):

Համաձայն Սուրբ Գրիգոր Տաթևացու, Սուրբ Գրքերն ընթերցելու համար նախ պետք է տքնությամբ ու չարչարանքով, պահքով ու աղոթքով հեռու վանել մեր մարմնական ախտերը, որի հետևանքով մտքի տեսողությունը կմաքրվի, կսրբվի ու կթեթևանա ծանրությունից: Դրանից հետո միայն պետք է զբաղվել ընթերցանությամբ և խոկումով ընթերցվածը մտքում պահել: (Ձմերան հատոր, քարոզ ԿԱ):

Իրապես. Երանելի է այն մարդը, որ սիրով և մեծ ցանկությամբ է ընթերցում Աստվածեղեն գրքերը, որովհետև նրա շուրջը պարում են հրեշտակները, նրան շրջապատում են առաքյալներն ու մարգարեները, հայրապետներն ու բոլոր սրբերը, և նա միշտ խոսում է նրանց հետ Գրքերի միջոցով, իր աչքերի առաջ տեսնում է բոլոր արդարների երանությունը և հանդերձյալ աշխարհը». (Վարդան Այգեկցի, Խրատներ):

Շարունակելի

Հայկ Մադոյան

Print